ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Թուրքիայի համար պատմական ու աշխարհաքաղաքական վախի շրջան է

Թուրքիայի համար պատմական ու աշխարհաքաղաքական վախի շրջան է
01.12.2017 | 10:06

Ռուսական Սոչի քաղաքը Մերձավոր Արևելքի գծով համաշխարհային քաղաքականության կենտրոն է դառնում: Ով ասես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հյուրը չի եղել Սոչիում: Եվ ով ասես, որ Սոչիից չի վերադարձել ընկճված ու դժգոհ:

Զարմանալի չէ. Մերձավոր Արևելքը ավանդաբար համընդհանուր ուշադրության գագաթին է եղել դեռ նախաքրիստոնեական հազարամյակներում, համապատասխանաբար՝ և մինչհուդայական, և մինչմահմեդական: Ոչ մի դար կամ տասնամյակ չի եղել, որ աշխարհը հայացքը չհառեր Մերձավոր Արևելքին: Այդ պատճառով, երբ դեռ նոր էր ազդարարվում Սոչիում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների հանդիպման մասին, հասկանալի պատճառներով աշխարհը կրկին շունչը պահեց: Եթե մտածում եք, որ Սոչիում պատրաստվում էին խոսելու միայն Սիրիայի մասին, ապա սխալվում եք: Խոսակցությունը պետք է լիներ Մերձավոր Արևելքի ապագա փոխդասավորությունում երեք երկրների միջև դերերի բաշխման մասին:


Բայց սկզբում, իհարկե, Սիրիայի մասին: Սոչիում Ռուսաստան-Իրան-Թուրքիա եռակողմ հանդիպման վերջում, նոյեմբերի 22-ի երեկոյան, համաձայնեցվել էր երեք առաջնորդների համատեղ հայտարարությունը, որում ընդհանուր գծերով նշվել էր մի քանի պահ. Սիրիայում «Իսլամական պետության» (ԻՊ) հետ պատերազմը գրեթե ավարտված է, Սիրիայի տնտեսությունը պետք է վերականգնել, ուստի հարկ է մտածել, թե ինչպես ստեղծել հատուկ հիմնադրամ, անհրաժեշտ է բարեփոխել երկրի կառավարման ներկայիս համակարգը ընդհուպ նոր սահմանադրության ընդունումը, պետք է անցկացնել ընտրություն (ճիշտ է, պարզ չէ՝ նախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական) ՄԱԿ-ի հսկողության ներքո (դրա օգտին հանդես էր գալիս բացառապես Մոսկվան): Երեք երկրների ղեկավարները կոչ արեցին շարունակելու Սիրիայում լարվածության թուլացման գործընթացը, հաստատեցին ահաբեկիչների դեմ պայքարում համագործակցության շարունակումը և միջսիրիական լայն երկխոսության պաշտպանումը: Շատ գեղեցիկ ու հրապուրիչ է հնչում: Բայց հանդիպումից հետո պետությունների ղեկավարներից յուրաքանչյուրն իր հայտարարությունն արեց, որոնցում շեշտված էր միայն այն, ինչը կարևոր էր հենց իր երկրի, բայց ոչ ամբողջ «եռյակի» համար: Ոչ մեկը չէր թաքցնում, որ Սիրիայի ապագայի և ներկա իրավիճակի վերաբերյալ իրենց հայացքները տարբերվում են: ՈՒ թեև հանդիպման պաշտոնական ստույգ արդյունքներ չեղան, ինչը շատ կարևոր է, Սիրիայում իրադրության հետագա կարգավորման ուղղությունը որոշված էր:


Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան, որպես սիրիական խաղաղ բանակցությունների երեք երաշխավորներ, նոյեմբերի 27-ին նամակ ուղարկեցին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին՝ պահանջելով, որ Սոչիում իրենց նախագահների վերջնական հայտարարությունը գրանցվի որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փաստաթուղթ: Իրանի դեսպան և ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչ Ղոլյամալի Խոշրուն և նրա ռուս ու թուրք գործընկերները ստորագրեցին այդ նամակը, հաղորդում է ԻՌՆԱ-ն: Եվ այստեղ սկսվում է ամենագլխավորը. չէ՞ որ Թուրքիան Իրանի և Ռուսաստանի ռազմական դաշնակիցը չէ Սիրիայի և Իրաքի գծով: Իսկ այդ հարցում, հիշելով, որ դեռ 2014-ին Իրանն ու Ռուսաստանը Սիրիայի և Իրաքի մասնակցությամբ Բաղդադում ստեղծեցին քառակողմ ռազմատեղեկատվական կենտրոն, տարընթերցումներ չկան. դաշնակիցներ են միայն Ռուսաստանը, Իրանը, Սիրիան և Իրաքը: Եվ քանի որ այդպես է, ապա ավելանում է հատկապես ՌԴ-ի նախագահ Պուտինի և Իրանի նախագահ Ռոհանիի անհատական հայտարարությունների նշանակությունը, բայց ոչ մի կերպ՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի: Չէ՞ որ Թուրքիան եղել է ԱՄՆ-ի գլխավորած տխրահռչակ «միջազգային կոալիցիայի» դաշնակիցը...


Սիրիական հակամարտությունը կարևոր էր ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի, ինչպես նաև Իսրայելի համար հենց Իրանի թուլացման առումով: 2017 թ. նոյեմբերի 4-ին, ԲիԲիՍի-ի հետ հարցազրույցում, դա խոստովանեց Կատարի նախկին վարչապետ Համադ բեն Ջասեմը, որը բացահայտեց Սիրիայում պատերազմի նախապատրաստության ողջ մեխանիզմը՝ սկսած 2007 թվականից: Դրա համար էլ, ցանկացած ձևով, Սիրիան պետք է լինի այնպիսի տարածք, որտեղ Իրանը «կվառի ու կվառի» իր ռեսուրսները: Կան նաև Եմենը, ուր իրանցիներն սկսել են օգնություն ուղարկել հիմնականում պարտադրված, և, իհարկե, Իրաքը՝ Իրանի բացահայտ հայրենակալվածքը: Այնպես որ, ԱՄՆ-ը և Իսրայելն իզուր չէին օգնում ԻՊ-ի զինյալներին, որ դուրս գան Դեյր էզ Զորի և Աբու Քեմալի շրջապատումից: ԱՄՆ-ի, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի երկրորդ խնդիրն է եղել Ռուսաստան-Իրան-Իրաք-Սիրիա կոալիցիայում, ավելի ուշ՝ Թուրքիա-Ռուսաստան-Իրան եռյակում հակասությունների ստեղծումը: Հիմա լկտիները մոլեգնում են. դե որ Բաշար Ասադին «չեն կանչել» Սոչիում նախագահների հանդիպմանը, ուրեմն Սիրիայի թիկունքում իրանցիները, ռուսներն ու թուրքերը «բաժանում են Սիրիան»: Տարօրինակ է, բայց չէ՞ որ Սոչիում Պուտինի առաջին հյուրը եղել է հենց Սիրիայի նախագահ Ասադը, որը հաճախակի հյուր է նաև Թեհրանում: Եվ Դամասկոս էր վերադառնում շատ գոհ:
Պուտինի հայտարարության առանձնահատկությունների մասին չեմ խոսի, այն հեշտությամբ կարելի է գտնել ԶԼՄ-ներում: Էրդողանի հայտարարությունները՝ հիմնականում ուղղված Սիրիայի քրդերի դեմ, նույնպես: Քիչ ավելի մանրամասն՝ Ռոհանիի հայտարարությունների մասին. նրանցում է թաքնված Սոչիի հանդիպման հիմնական ենթատեքստը: Իրանը Ռուսաստանին խնդրել է ճնշում գործադրել բոլոր երկրների վրա, ներառյալ ԱՄՆ-ը և Թուրքիան, որ նրանք հանեն Սիրիայի տարածքում ապօրինաբար գտնվող ռազմական ուժերը, նաև խնդրել է Սիրիայում ապահովել «փակ երկնքի» ռեժիմը բոլոր երկրների համար, բացի հենց Սիրիայից և Ռուսաստանից: Չէ՞ որ միայն Ռուսաստանն ու Իրանն են այնտեղ գտնվում օրինաբար՝ երկրի օրինական կառավարության հրավերով: Եվ ոչ թե որպես ագրեսոր: Ի դեպ, հանդիպման ընթացքում Իրանի նախագահն ընդգծեց, որ Իրանը տարածաշրջանի միակ երկիրն է, որտեղ ամերիկյան բազաներ չկան, ուստի Սիրիայում ԱՄՆ-ի ապօրինի բազաների առկայությունը հետագայում տարածաշրջանի կայունության համար մեծ խնդիր կդառնա: Ընդ որում, ասաց նա, Իրանը կշարունակի խորհրդակցություններն ու համագործակցությունը Չինաստանի հետ և հանդես կգա որպես տարածաշրջանում նրա շահերի պաշտպան: Փոխարենը Իրանն արդեն մուտք ունի Ջիբութիում չինական ՌԾՈՒ բազա, և անհրաժեշտության դեպքում Իրանի նավերը Ջիբութիում կարող են ստանալ տեխնիկական և նյութական օժանդակություն: Վերջինս շատ կարևոր է: Այդ խոսքերից շատ բան է պարզ դառնում: Մասնավորապես, թե ինչու ՌԴ-ի իրազեկ շրջանակներն իսկույն խոսեցին Կարմիր ծովի ափին, Սուդանում իրենց բազան ստեղծելու հնարավորության մասին: ՈՒշագրավ է Սոչիում Ռոհանիի դիտողություններից մեկը, որով նա կասկած հայտնեց, որ ԻՊ-ի դեմ «ամերիկյան» կոալիցիան ակնհայտորեն վերաճում է Իրանի և ընդհանրապես շիաների դեմ կոալիցիայի՝ որոշ պետությունների ազդեցությամբ, նկատի ունենալով Իսրայելը, ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան: Եվ նա այդպիսի բան ասելու իրավունքն ուներ, քանի որ օրերս Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանն «ամերիկյան» կոալիցիայի մասնակիցներին կոչ էր արել նոր կոալիցիա ստեղծելու Իրանի և լիբանանյան «Հըզբոլլահ» կուսակցության դեմ, որն Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) ԱՄՆ-Իսրայելի ճնշմամբ ուզում է ճանաչել ահաբեկչական կազմակերպություն:


Այնուամենայնիվ, հաշվի առնելով Մերձավոր Արևելքի ապագայի վերաբերյալ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի հայացքների տարբերության ամենաչնչին մանրամասները, գլխավորն այն է, որ Իրանը, հիանալի հասկանալով և զգալով նոր պատերազմների սպառնալիքը, անհրաժեշտ համարեց խոսել Սիրիայում բոլոր ապօրինաբար գտնվողներին հանելու մասին: Պուտինը և Էրդողանը չեն կարող չհասկանալ, որ դա վերաբերում է նաև Թուրքիային: Սիրիայում թուրքերը սոսկ «ամերիկյան» կոալիցիայի մի մասն են. Ասադը նրանց նույնպես չի հրավիրել: Այսպիսին է Իրանի պատասխանն այն բանին, որ Ռուսաստանն այդպես էլ «չհամոզեց» ԱՄՆ-ին և մյուսներին, որ հեռանան Սիրիայից, ինչպես նաև այն բանին, որ 2017-ին Թուրքիան, ԱՄՆ-Իսրայելի հրամանով, ամիսներ շարունակ ձգտում էր հասնել նրան, որ Ռուսաստանը «ճնշում գործադրի» Իրանի վրա: Հիշեցնեմ, թե ինչ էին պահանջում և պահանջում են ԱՄՆ-ը և Իսրայելը, և ինչ էր հնչեցնում Թուրքիան. Սիրիայից իրանցիների և բոլոր շիական աշխարհազորերի լիակատար հեռացում: Եվ այստեղ հարկ է ուշադրություն դարձնել Սոչիի հանդիպումից առաջ և հետո իրանական ամենատարբեր պաշտոնյաների հայտարարություններին: Դրանց հիմնական դրույթներն առավել ամփոփ ձևակերպեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, գեներալ մայոր Մոհամադ Ալի Ջաֆարին Սոչիի համատեղ հայտարարության հրապարակման հաջորդ օրը՝ նոյեմբերի 23-ին: Ելույթ ունենալով Իրանի պետական հեռուստատեսությամբ, նա հայտարարեց, որ ԻՀՊԿ-ն միշտ ակտիվ դեր է խաղալու Սիրիայում կրակի դադարեցման «ամուր հաստատման» գործում, և լիբանանյան «Հըզբոլլահ» դիմադրության շարժման զինաթափումն ու Սիրիայից հեռանալը քննարկման ենթակա չեն:


Նոյեմբերի 24-ին Արևմուտքը, Թուրքիան և Իսրայելն ավելի հուսահատվեցին: Իրանական խորհրդարանի Միջազգային գործերով գլխավոր տնօրեն Ամիր Աբդոլահիանը Սոչիում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների հանդիպումն անվանեց «խաղաղության հաղթանակ», ավելացնելով, որ այն «փշրեց տակֆիրիստների (ԱՄՆ-ին և Իսրայելին ծառայող սուննի արմատականներ- խմբ.) ահաբեկչության ոսկորները»: Նույն օրը Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին բոլոր բնագավառներում, մասնավորապես անվտանգության ոլորտում, Ռուսաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու կոչ արեց: «Տարածաշրջանում ահաբեկչության խնդիրը չի ավարտվել,- Ստամբուլում Ասիական խորհրդարանական ասամբլեայի (ԱԽԱ) կողասրահներում ՌԴ Պետդումայի «Արդար Ռուսաստան» կուսակցության խմբակցության ղեկավարի տեղակալ Միխայիլ Եմելյանովի հետ հանդիպման ժամանակ ասաց Լարիջանին:- Մյուս ահաբեկիչները տարածաշրջանում նոր արկածներ են որոնում: Այդ պատճառով կարևոր է անվտանգության ոլորտում երկու երկրների համագործակցության ամրապնդումը»: Լարիջանին նաև ընդգծեց, որ «Իրանի բոլոր հատվածները շահագրգռված են Ռուսաստանի հետ համագործակցությամբ»:
(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 6485

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ